Փետրվարի 14- ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հայ Առաքելական Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։  Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: