Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն սովորույթներն ու ազգային ավանդույթները տարբեր տոներ նշելու հարցում: Ամանորը ևս բացառություն չէ: Աշխարհի տարբեր երկրներ յուրովի են նշում Ամանորը: Աշխարհի տարբեր ծայրերում ձմեռային այս տոնը նշում են բավականին անսովոր և ուշագրավ: Դեռևս հին ժամանակներում կար մի համոզմունք. «Ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ այն կանցնի»: Եվ մինչ օրս աշխարհի տարբեր երկրներում տարբեր մեթոդներ են ձեռնարկում՝ դիմավորելու այս տոնը «հաջող, առատ և բարեկեցիկ»:

Ֆինլանդիա

Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ:

 

 

Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ: Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց: Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում: Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ, ընդ որում՝ շատերը նշում են այն ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգսեր չստեղծեն իրենց հարազատների համար: Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:

Չինաստան

Չինաստանում Ամանորն ամենահայտնի ազգային տոնն է, որը նշվում է երկու անգամ. հունվարի 1-ին, ինչպես քրիստոնեական երկրների մեծամասնությունը, և նորալուսնի ժամանակ՝ այսպես կոչված «Գարնան տոնը»:

 

Չինաստանում ամեն տարին կապված է համաստեղության նշանի և տարերքի հետ: Չինաստանում Ամանորի հետ կապված են մի շարք ավանդույթներ և սնահավատություններ: Ամանորի նախաշեմին դռան վրա կախում են 5 երկար ժապավեն, որոնք խորհրդանշում են երջանկության 5 տեսակ. հաջողություն, պատիվ, երկարակեցություն, հարստություն և ուրախություն: Չինաստանում գոյություն ուներ նաև հավատամք, ըստ որի՝ մարդիկ հավատում էին, որ չար ոգիները վախենում են կարմիր գույնից, այդ իսկ պատճառով՝ տոնական օրերին ամենուրեք գերիշխում էր կարմիր գույնը: Ամանորին Չինաստանում միմյանց նվիրում են զույգ նվերներ, որոնք խորհրդանշում են միասնություն, ընտանեկան ներդաշնակություն, օրինակ՝ երկու ծաղկաման, երկու բաժակ և այլն: Ընդունված չէ նվիրել ժամացույց, հատկապես՝ ծերերին, կամ խաղալիքներ և մանկական իրեր նրանց, ում երեխաները դեռևս չեն ծնվել: Սովորաբար նվերները հանձնում են վերջում, հաճախ էլ նվերները թողնում են գաղտնի:

Ճապոնիա

 

Ճապոնացիները՝ վախենալով, որ երջանկության և հարստության հետ տուն կներթափանցեն չար ոգիները, դռան վրա կախում են ծղոտի փնջեր: Տոնին պատրաստվում են մի քանի շաբաթ առաջ: Դեկտեմբերի կեսերին ճապոնացիները սկսում են շնորհավորական բացիկներ գրել իրենց հարազատներին, ընկերներին, ծանոթներին՝ մաղթելով նրանց հաջողություններ, երջանկություն և առողջություն: Ինչ-որ մեկին մեկ անգամ ուղարկելով բացիկը՝ ընդունված է ուղարկել այն ամեն տարի: Այս ավանդույթն ունի զգալի նշանակություն, քանզի դպրոցական տարիքից երեխաները սովորում են ճիշտ գրել բացիկներ: Ամանորի գիշերը ճապոնացիներն ուղևորվում են սարեր կամ ծով, որտեղ արևի առաջին ճառագայթների հետ լուսաբացին ծափահարություններով հրաժեշտ են տալիս հին տարուն և դիմավորում Նոր տարին:

 

ԱՄՆ

Ավանդաբար ԱՄՆ-ում մինչև կեսգիշեր հրաժեշտ են տալիս անցնող տարուն, հետո միայն դիմավորում գալիք տարին: Ամերիկացիները նախընտրում են նշել այն աղմկոտ միջավայրում, տանից դուրս՝ այցելելով գիշերային ակումբներ, ռեստորաններ, թատրոններ: